Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պատգամավոր, «գործակալների օրենքի» աջակից Վիկտոր Ջափարիձեի հետ վիճաբանության պատճառով քաղաքային դատարանը քաղաքացի Մարիամ Ծիծիկաշվիլիին տուգանել է 700 լարիի չափով։ Ծիծիկաշվիլին պատգամավորին ասել էր, որ վերջինս պետք է ամաչի «գործակալների օրենքին» աջակցելու համար։
Դատավոր Իրակլի Չիկաշուան վճռել է, որ Ծիծիկաշվիլին 2024 թվականի հունիսի 9-ին տեղի ունեցած միջադեպում օրենք է խախտել, և նրա նկատմամբ տուգանք է նշանակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով (մանր խուլիգանություն):
Գործի քննության ժամանակ Ծիծիկաշվիլիի փաստաբանը դատարանին հիշեցրել է հանդուրժողականության պարտավորությունը, որ քաղաքական գործիչները պետք է դրսևորեն իրենց հասցեին քննադատության խոսք ասող քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, և ընթացակարգով հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։