Թբիլիսիի քաղաքային դատարանը ցույցերի ժամանակ դաժան ծեծի ենթարկված «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավային տուգանել է 2000 լարիով։
Դավիթ Քացարավան, հավանաբար ծեծի է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից այսպես կոչված «ռուսական օրենքի» դեմ ցույցերի ժամանակ։ Նա մեղադրվում է ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ, ինչը նախատեսված է Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով:
Դատավորը դադարեցրել է վարույթը 166-րդ հոդվածի մասով, սակայն Քացարավային մեղավոր է ճանաչել 173-րդ հոդվածով (մանր խուլիգանություն)։ Բացի 2000 լարի տուգանքից որպես պատժամիջոց վերջինս զրկվել է զենք ունենալու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։
Դատավորը՝ հիմնավորելով որոշումը, նշել է, որ մանր խուլիգանության հետ կապված ապացույցները չեն համապատասխանում գործում առկա մյուս ապացույցներին, այդ իսկ պատճառով գործը կառչվել է։ Սակայն, ունենալով տեսագրություն և լսելով Քացարավայի բացատրությունը, որտեղ նա նշում է, որ հատուկ ջոկատայինների ներկայացուցիչներին ռուսական ռեժիմի ծառայողներ է անվանել, համարել է շատ վիրավորական այն մարդկանց նկատմամբ, ովքեր ծառայում են Վրաստանի շահերին և գործը շարունակվել է քննվել 173-րդ հոդվածի համաձայն։
Հուլիսի 5-ին կայացած դատական նիստում որպես վկա հարցաքննվել են երկու ոստիկաններ, որոնցից մեկը Բիձինա Ժամերաշվիլին է, ով ստորագրել է Քացարավայի ձերբալակությունը, իսկ մյուսը՝ նրա գործընկեր Գայոզ Իկոշվիլին, նա Քացարավայի ձերբակալության ժամանակ եղել է մոտակայքում։
Ոստիկանության աշխատակիցները դատարանում ասել են, որ մայիսի 14-ին Ռուսթավելի պողոտայում՝ առաջին վարժարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դավիթ Քացարավայից մոտ 5-10 մետր հեռավորության վրա են գտնվել: Նրանք դատարանում նշել են, որ Դավիթ Քացարավային չեն ձերբակալել և պնդում են, որ բերման են ենթարկել հատուկ ջոկատայինները, որից հետո ձերբակալվածին նստեցրել են իրենց մեքենան և տարել ոստիկանություն։ Հարցաքննության ժամանակ ոստիկաններն ասել են, որ Քացարավան մինչ ձերբակալությունը վնասվածքներ չի ունեցել։
Չնայած նրան, որ Քացարավան ձերբակալվել էր մայիսի 14-ի ցույցի ժամանակ, իրավախախտման մասին արձանագրությունը կազմվել է հուլիսի 2-ին: Բացի այդ, ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տեսագրությունը չի կցել գործին։
Ի պատասխան Քացարավայի շահերի պաշտպանների հարցին, թե ինչո՞ւ է նա հունիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի մասին արձանագրությունը կազմել հուլիսի 2-ին, ոստիկանության աշխատակիցը պատասխանել է, որ շատ զբաղված է եղել և չի հասցրել արձանագրությունը կազմել։
Նշենք նաև, որ հուլիսի 23-ին դատարանում հարցաքննվել է բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին, վերջինս ձերբակալման պահին գտնվել է տուժածի կողքին։ Գափրինդաշվիլին հերքել է այն տեղեկությունը, թե Դավիթ Քացարավան ինչ-որ մեկին հայհոյել կամ ստրուկ է անվանել: