Դատարանը պետք է գնահատի խորհրդարանում լրատվամիջոցների սահմանափակման անհրաժեշտության հարցը, խորհրդարանում հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին՝ ներկայացնելով 2023 թվականին Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։
Օմբուդսմենն իր ելույթում խոսել է 2023 թվականին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի արձակած հրամանի մասին, որը նախատեսում է սահմանափակել լրագրողների գործունեությունը բարձրագույն ներկայացուցչական մարմնում։
Խոսելով խոսքի ազատությանը խոչընդոտող հարցերի մասին՝ օմբուդսմենը նշել է, որ 2023 թվականին Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կանոնակարգը:
«Կանոնակարգը նախատեսում է հավատարմագրված լրագրողի պարտավորությունը՝ դադարեցնել հարցազրույցը, եթե Վրաստանի խորհրդարանի անդամը, գրասենյակի աշխատակիցը կամ խորհրդարան այցելող անձը հրաժարվում է ձայնագրել հարցազրույցը»,- ասել է օմբուդսմենը:
Գնահատականներ տալու համար, ըստ Իոսելիանիի, հարկ է հաշվի առնել երկրում ստեղծված ընդհանուր համատեքստը:
«Առանձին քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, չեն այցելում այն լրատվամիջոցներ, որոնց խմբագրական քաղաքականության հետ համաձայն չեն։ Այսպիսով, առանձին դեպքերում լրագրողները կարող են տալ իրենց ուզած հարցերը և ստացած տեղեկատվությունը տրամադրել լսարանին միայն խորհրդարանի տարածքից։
Լրագրողների համար նման հնարավորության պահպանումը խիստ անհրաժեշտ է «հանրային դիտորդի դերը» կատարելու համար, որը լրատվամիջոցների գործառույթն է»,- ասված է զեկույցում։