Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովի նախագահ Գուրո Իմնաձեի կարծիքով` դատարանը կոպտորեն խախտել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Սահմանադրությամբ տրված լիազորությունները՝ կասեցնելով Կախա Ծիքարիշվիլիի նշանակման վերաբերյալ հրամանագրի գործողությունը։
Իմնաձեն նախագահի աշխատակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ այդ որոշման նպատակը դատարանի միջամտությունն է նախագահի բացառիկ լիազորություններին։
Ըստ նրա` նշված որոշումը հատկապես վտանգավոր է այն առումով, որ այդ կերպ դատարանը, ըստ էության, կամայականորեն ցանկանում է վերահսկել, թե ում կարող է նախագահը նշանակել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և ում` չի կարող։
«Այս որոշումը վնասում է ոչ միայն նախագահի ինստիտուտին և դրա արդյունավետությանը, այլև նվազեցնում է արդարադատության համակարգի նկատմամբ առանց դրա էլ թերի վստահությունը»,- ասել է Իմնաձեն։
Հիշեցնենք. երեկ՝ հուլիսի 22-ին, հայտնի դարձավ, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել է Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ նշանակելու մասին Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը։ Այդ վճռի շարժառիթը մրցույթի մասնակիցներից մեկի՝ Մանուչար Կակոչաշվիլիի հայցն է։
Ծիքարիշվիլիին Արդարադատության խորհրդի անդամի նշանակումը կասեցվել է