Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության միջնորդությունը:
Միջնորդությունը հիմնված էր Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանում ներկայացված հայցի վրա, որը վերաբերում է ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու խնդրանքին՝ գաղտնիության և քվեարկության համընդհանուր սկզբունքների խախտման պատճառով:
Դատարանը որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ընտրական վեճերի քննարկման ժամկետները սահմանափակված են օրենքով, իսկ նախագահի կողմից հայցադիմում ներկայացնելը հաստատող ապացույցներ չեն ներկայացվել։
GYLA-ի հայցով պահանջվում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ընդունած 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփ արձանագրությունը, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, արտահերթ ընտրություններ նշանակել: Գործի քննությունը դատարանում շարունակվում է։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, իսկ չորս ընդդիմադիրները միասին ունեն 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։