Մառնեուլիի քաղաքապետարանի որոշմամբ՝ տեղական բյուջեից Մառնեուլիի և Հուջաբի թեմի ֆինանսավորումը Բոլնիսիի շրջանային դատարանը խտրական և անվավեր է համարել:
Մառնեուլիից ակտիվիստ Սամիրա Բայրամովան և Համայն Վրաստանի մահմեդականների բարձրագույն աստվածաբանական բաժինը հայց էին ներկայացրել Մառնեուլիի քաղաքապետարանի դեմ։ Նրանց շահերը դատարանում պաշտպանել է «Սոցիալական արդարության կենտրոնը»:
«Սոցիալական արդարության կենտրոնի» իրավաբան Թաթիա Կաճարավայի խոսքով, Մառնեուլիի քաղաքապետարանը տարիներ շարունակ զգալի միջոցներով աջակցում է կրոնական կազմակերպությունների գործունեությանը, սակայն, չնայած Մառնեուլիի բնակչության մեծամասնությունը մուսուլման է, այդ միջոցների մեծ մասն ուղղվել է միայն ուղղափառ եկեղեցու աջակցությանը։
Ըստ Կաճարավայի հայտարարության՝ Բոլնիսիի դատարանը համամիտ է իրենց դիրքորոշմանը և, իր իսկ բնորոշմամբ` Մառնեուլիի քաղաքային խորհրդի որոշումը կրոնական հողի վրա խտրականություն է և անօրինականություն:
«Սա շատ կարևոր որոշում է ոչ միայն մահմեդականների, այլև Մառնեուլիում ապրող այլ դավանանքների ներկայացուցիչների համար, քանի որ նրանց նկատմամբ նույնպես խտրական որոշում է եղել»,- ասում է Կաճարավան:
Նրա խոսքով, եթե դատարանի որոշումը չփոխվի, ապա քաղաքապետարանը հետագայում պետք է փոխի կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման այս գործելաոճը։
Մառնեուլիի քաղաքապետարանից հայտնել են, որ համամիտ չեն դատավճռին և մտադիր են որոշումը բողոքարկել բարձր ատյան։