Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում մարտի 7-9-ի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատավարությունը տևել է կես ժամ: Գրիգորիադիսը մեղադրվում է «Գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և այլոց ունեցվածքը ոչնչացնելու մեջ։
Դատախազությունը հարցաքննության համար նիստին ընդամենը մեկ վկա ուներ, որի հարցաքննությունը տևել է ընդամենը երեք րոպե։ Հարցաքննված վկան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական հաղորդակցությունների վարչության գրաֆիկական դիզայներ Լաշա Պետրիաշվիլին է։ Նա քննիչին է հանձնել կադրերը, որոնք ցույցերի ժամանակ նկարել են ՆԳՆ-ի իր գործընկեր օպերատորները. այս վկան գործի հետ այլ առնչություն չունի։
Գրիգորիադիսի փաստաբանները վկային հարցաքննելուց հետո դատավորին առաջարկել են գործընթացն արագացնելու նպատակով հարցաքննել նաև 12 վկաներին, սակայն, առաջարկը չի բավարարվել: Գրիգորիադիսի գործով դատավարությունը կշարունակվի 2024 թվականի հունվարի 15-ին:
Հարկ է նշել, որ Գրիգորիադիսի դատական նիստի մեկնարկից առաջ աջակիցները հավաքվել էին դատարանի բակում՝ «Ազատություն Լազարեին» պաստառներով:
Ի դեպ, Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է «ռուսական օրենքի» դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։
Մարտի 7-8-ի գործով Քրեական օրենսգրքով կալանավորվել է ընդհանուր առմամբ 6 անձ, որոնցից 5-ը գրավի դիմաց ազատ է արձակվել։