Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա կալանքի տակ է թողել լրագրող Նիկա Կացիային։ Որոշումը դեկտեմբերի 9-ին կայացրել է դատավոր Թամար Մճեդլիշվիլին:
Կացիան մեղադրվում էր քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետով նախատեսված հանցանք կատարելու համար` առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռքբերում և պահպանում։ Կացիային սպառնում է 8-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Կացիան ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին։ Ընկերների խոսքով՝ լրագրողը տնից գնում էր Ռուսթավելիի պողոտայի արևմտամետ հանրահավաքին։
Փաստաբան Նինո Լոմինաձեի խոսքով՝ Կացիային բերման են ենթարկել իր տան մոտից, նստեցրել մեքենա ու տարել այլ տարածք, իսկ փողոցում անձնական խուզարկություն է կատարվել։ Փաստաբանի խոսքով, Կացիան իրեն բացատրել է, որ ոստիկանները տեսանկարահանել են, բայց խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։
Փաստաբանը որպես խափանման միջոց պահանջել է 5000 լարի գրավ, որը դատավորը հաշվի չի առել: Ըստ փաստաբանի՝ քաղաքային դատարանի որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում։
Նշենք, որ Թբիլիսիում արդեն 12 գիշեր է եվրոպամետ ցույցեր են անցկացվում: Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը հրաժարվել են եվրանդամակցության բանակցություններից: Ցույցի առաջին 10 օրերին հատուկջոկատայինները բռնի ուժի կիրառմամբ ցրում էին ցույցերը և բերման ենթարկում քաղաքացիներին, որոնց թվում կան նաև լրագրողներ: