Դատարանը դերասաններին տուգանեց

Դատավոր Նինո Էնուքիձեն դերասաններ Անի Տկղեբուչավային և Բաչո Քաջաիային մեղավոր է ճանաչել օրենքը խախտելու մեջ՝ նրանց տուգանելով 5000-ական լարիով։ Տեղեկությունը փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշվում է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հաշվի է առել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) խնդրանքը. ՆԳՆ փաստաբանները երկուսին էլ մեղադրել են հունվարի 9-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան «արհեստականորեն փակելու» մեջ։

Անի Տկղեբուչավան նշել է, որ ինքն այդ օրը Ռուսթավելիի պողոտա է ժամանել, երբ ճանապարհն արդեն փակվել է, իսկ Բաչո Քաջաիայի փաստաբանն ասել է, որ ՆԳՆ ներկայացված ապացույցների համաձայն՝ իր պաշտպանյալը գտնվել է արդեն իսկ արգելափակված պողոտայում։

Հիշեցնենք. նոյեմբերի 28-ից Թբիլիսիում և այլ քաղաքներում ընթանում են եվրոպամետ հանրահավաքներ։ Բողոքի ալիքը հաջորդել է «Վրացական երազանք»-ի հայտարարությանը, ըստ որի, մինչև 2028 թվականն օրակարգ չի բերվի Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացումը։