
Նոր ընտրությունների պահանջով ցույցի մասնակից Մաթե Դևիձեին, որ ձերբակալվել էր ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով, դատավոր Դավիթ Մգելիաշվիլին կալանքի տակ է թողել: Այսպիսով, Թբիլիսիի քաղաքային դատարանը հաշվի է առել դատախազ Անի Խուբեջաշվիլիի միջնորդությունը։
Դևիձեի դատական նիստին մասնակցել է Լիտվայի դեսպանատան ներկայացուցիչը։
Մինչդատական նիստում վերանայվում էր խափանման միջոցը: Մեղադրող կողմը կրկին պահանջել է ազատազրկում, իսկ պաշտպանական կողմը՝ գրավի դիմաց ազատ արձակում։
Մեղադրող կողմի խոսքով՝ Դևիձեն նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում «փայտանման առարկայով հարձակվել է իրավապահների վրա»՝ նրանց պատճառելով վնասվածքներ, որոնք «առողջական որևէ խնդիր չեն առաջացրել»։
Դևիձեն բանտում դարձել է 21 տարեկան. դատական նիստում նա ասել է. «Ես կարոտում եմ իմ կիթառին, ազատազրկումն ամենածայրահեղ տարբերակն է, իմ դեպքում ազատազրկումն ամենադաժանն է, ես դրան արժանի չեմ»:
Դևիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։