
Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրված վետոյի հաղթահարումից հետո Հելսինկյան հանձնաժողովը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում են Վրաստանի կառավարության կողմից ռուսական ոճի օրենքի բռնի ընդունումը և բռնաճնշումների ավելի բուռն արշավը, որ սկսվել է»:
Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը հարված է վրացական ժողովրդավարությանը և ժողովրդի եվրատլանտյան ապագային։
«Սա Կրեմլի մեքենայությունների հետևանքն է, որը երկար ժամանակ ձգտել է իր կայսերական նպատակների համար գրավել իր հարևաններին, հատկապես Ուկրաինայի և Վրաստանի հնագույն քաղաքակրթությունները, որոնց պատմությունն ու մշակույթը նախորդել են Մոսկվային»,- նշված է հայտարարության մեջ:
Հելսինկյան հանձնաժողովը նաև հայտարարել է, որ «անհամբեր սպասում են Կոնգրեսում MEGOBARI ակտի առաջխաղացմանը՝ Վրաստանի ժողովրդի կամքի վրա կատարված այս հարձակման համար պատասխանատվություն կրելու»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունները և հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հետագծին, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ անդամակցությանը, ինչպես նաև վտանգի տակ են դնում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները։
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն