Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացչությունները քննադատել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընտրությունների անցկացումը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ընտրություններն անվանել է անօրինական գործողություն՝ ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
«Այս ընտրությունների անցկացումը լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և հանդիսանում է Վրաստանի երկու անբաժանելի շրջանների անօրինական օկուպացիան օրինականացնելու հերթական ապարդյուն փորձ։Այն պայմաններում, երբ էթնիկ զտումների հետևանքով Աբխազիայի շրջանից վտարվում են հարյուր հազարավոր փախստականներ, իսկ օկուպացիոն ուժերը տեղում վերահսկողություն են իրականացնում, նշված ընտրությունները իրավական հետևանքներ չունեն»,– հայտնել են նախարարությունից։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածած հայտարարությամբ ընդգծել է, որ չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և դրանց արդյունքները։
«Մեր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ միանշանակ պարզ է՝ այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են։ Ըստ այդմ, մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Այս հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը ընտրել է չհրահրված, անարդար և դաժան պատերազմ Ուկրաինայում», — ասված է տարածած է հայտարարության մեջ:
Մեկնաբանելով նույն հարցը՝ Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ևս մեկ անգամ ընդգծել է՝ չեն ճանաչում ընտրությունները։
«ՆԱՏՕ-ն չի ճանաչում ընտրությունների օրինականությունը, որոնք շաբաթ օրը անցկացվել են Վրաստանի Աբխազիայի շրջանում։ Դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Վրաստանից անջատված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ խորհրդարանական 35 տեղի համար պայքարել է123 թեկնածու։
Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 40%-ը։ Համաձայն տեղական օրենսդրության՝ ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկությանը մասնակցում է գրանցված ընտրողների 25%-ը։