Վրաստանի դատական կլանը խախտել է իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը և յուրացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Սահմանադրությամբ հաստատված լիազորությունները:
«Փոփոխությունների համար» ընդդիմադիր կոալիցիան, որի անդամներն են «Գիրչի — առավել ազատություն», «Ախալի» և «Դրոա» կուսակցությունները, այսպես է գնահատում քաղաքային դատարանի որոշումը՝ Կախա Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնում նշանակելու մասին նախագահի հրամանագրի կասեցումը։
Կոալիցիան համատեղ հայտարարության մեջ նշել է, որ նախագահի հիշյալ հրամանագիրը դատարանը կասեցրել է Սահմանադրության խախտմամբ։
«Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի նշանակման մասին Վրաստանի նախագահի հրամանագիրը՝ խախտելով Սահմանադրությունը։
Այս որոշմամբ դատական կլանը խախտեց իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը և յուրացրեց Վրաստանի նախագահի Սահմանադրությամբ հաստատված լիազորությունները»,- ընդգծել է ընդդիմադիր կոալիցիան:
Հիշեցնենք. երեկ՝ հուլիսի 22-ին, հայտնի դարձավ, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել է Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ նշանակելու մասին Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը։ Այդ վճռի շարժառիթը մրցույթի մասնակիցներից մեկի՝ Մանուչար Կակոչաշվիլիի հայցն է։