Ծալկայի կիրճում (Դաշբաշի կիրճ) նախատեսվում է ակվապարկ բացել, Business Media Georgia-ի փոխանցմամբ՝ հայտնել են կիրճի նորակառույց համալիրի հեղինակ Kass Land ընկերությունից:
Տեղեկությունների համաձայն, նախատեսում է լրացուցիչ ներդրումներ կատարել Ծալկայի կիրճի տարածքում, կկառուցվի նաև հյուրանոց։
«Կառուցվող հյուրանոցը կունենա 53 սենյակ, կոնֆերանսների և ռեստորանային դահլիճներ։ Այս փուլում նախագծվում է ակվապարկը, որը փակ տեսքով կլինի, կկազմակերպվեն նաև սպա կենտրոններ։
Մենք նաև նախատեսում ենք կազմակերպել լրացուցիչ 200 միավոր «վիլահաուս» ջրաշխարհի մոտ։ Ներդրումների արժեքը այս փուլում հստակ որոշված չէ, քանի որ նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են»,- հայտնել են ընկերությունից:
Kass Group-ի փոխանցմամբ, սկզբում այցելուների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են եղել, հետո ավելացել է նաև զբոսաշրջիկների թիվը։
«Ինչ վերաբերում է Κass dimond հանգստավայրերի վիլլաներին, ապա դրանք այցելում են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները։ Ներկայում վիլլայի արժեքը 100 դոլար է՝ ներառյալ նախաճաշը։ Մինչև տարեվերջ դրանց թիվը 40-ից կհասնի 60-ի»,- հայտնել են Kass Group-ից:
Հարկ է նշել, որ Դաշբաշի «Ադամանդե կամրջի» բացումից անցել է մոտ վեց ամիս, և այս ընթացքում էկոտուրիզմի տարածքն ունեցել է ավելի քան 100 հազար այցելու։