
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հետաձգել է ուսումնական գործընթացի մեկնարկը: Նախարարությունից հայտնում են, որ 2018-2019 թթ. ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 18-ը:
«Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորհրդակցելով բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հետ, որոշում է կայացրել հետաձգել դպրոցներում ուսումնական գործընթացի մեկնարկը՝ աշակերտների անվտանգության պատճառով», — հայտնում են նախարարությունից:
Հիշեցնենք՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնել են, որ Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք: Սակայն, ինչպես հայտնում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, մահացածների թիվը հունվարի 8-ի 21:00-ի դրությամբ 13 է: