Դասընթացներ վիրահայ ուսանողների համար․ ուսանողական միությունը մեկնարկեց աշխատանքը

Թբիլիսիում գործող ուսանողական միությունն արդեն 3-րդ դասընթացն է կազմակերպում՝ մանրամասներ ներկայացնելով Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» վրացերեն լեզվի վերապատրաստման ծրագրի մասին։

Հանդիպումները «1+4»-ի ուսանողներին փորձում է կողմնորոշել հետագայում մասնագիտություն ընտրելու հարցում, ինչպես նաև ծանոթացնում բուհական ծրագրերին ու ուսանողին անհրաժեշտ այլ գիտելիքներ տալիս։

Այս պահին մաթեմատիկայի դասընթացներ են անցկացվում ապագա տնտեսագետների ու ծրագրավորողների հետ։ Միությունը շաբաթական մեկ օր է տրամադրում խորհրդատվական հանդիպումներին՝ ամեն անգամ քննարկելով տարբեր մասնագիտություններին վերաբերող հարցեր։

«1+4»-ով Վրաստանի պետական բուհերում կրթություն ստացող Հարություն Մալխասյանն ու Ստեփան Էվաջյանը 2 տարի առաջ գիտակցելով հայ ուսանողներին հանդիպող բարդությունները, որոշում կայացրին աջակցել նոր ընդունվողներին։ Նրանք հիմնադրելով «1+4»-ի մասնակիցներին միավորող ուսանողական միությունը, իրենց փորձն են կիսում Վրաստանի բուհեր ընդունվող երիտասարդների հետ։

«Մենք նախապատրաստական կուրսում չունենալով այդ հնարավորությունը, որոշեցինք աջակցել մեզ հաջորդողներին: Ծրագիրը նախաձեռնել ենք մենք՝ դիմելով «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական բաժնին, որը մեզ աջակցում է հանդիպումների համար տարածք տրամադրելով և անհրաժեշտ այլ հարցերով», — ասում է Մալխասյանը:

Նրա խոսքով, ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են․ նախապատրաստական կուրսն ավարտելով ուսանողներն էլ ավելի տեղեկացված են տեղափոխվել առաջին կուրս,  միության շրջանակներում մաթեմատիկայի լրացուցիչ դասերի մասնակիցներն ավելի բարձր գնահատականներ են ստացել։

Այս տարի ծրագրի մասնակիցների համար նորություն են էքսկուրսիաները, որոնց միջոցով ուսանողները կծանոթանան Թբիլիսիի հայկական ժառանգությանը, կմասնակցեն նաև մի շարք այլ միջոցառումների, կինտեգրվեն, կճանաչեն միմյանց:

Հիշեցնենք՝ «1+4» ծրագիրը գործում է 2010 թվականից: Այն նախատեսված է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Վրաստանի պետական բուհեր ընդունվելիս նրանք օգտվում են արտոնություններից՝ քննություն հանձնելով մայրենի լեզվով։ Մեկ տարի վրացերեն լեզուն ուսումնասիրելուց հետո նրանք հնարավորություն են ստանում ընտրել բուհի իրենց նախընտրած ֆակուլտետը՝ տեղափոխվելով բակալավրի առաջին կուրս: