ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Նշվում է, որ հանդիպմանը նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև սերտ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը, պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցել վրաց-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Նշվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը և մեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և տարածաշրջանում անվտանգության ծանր միջավայրը։ Նախարարները նշել են բանակցային գործընթացում Թուրքիայի հատուկ դերը և այդ ուղղությամբ Անկարայի հետագա ջանքերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատել երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման և վրաց-թուրքական ռազմավարական խորհրդի նիստ կազմակերպելու ուղղությամբ։ Շեշտը դրվեց նաև երկու երկրների միջև հաջող առևտրատնտեսական կապերի և այս ոլորտում համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մևլութ Չավուշօղլուն հաջողություն է մաղթել Վրաստանի արտաքին գործերի նախարարին հետագա գործունեության մեջ։