
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտգործնախարարությունը։
Ըստ տեղեկության՝ Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հարցում արտահայտված բարձր հետաքրքրության և գործողությունների համար։
Նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել Վրաստանի և Հայաստանի միջև սերտ բարեկամական հարաբերությունները և քննարկել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում առկա դրական դինամիկան։
Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար և ընդգծել խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման համար։
Կողմերը պայմանավորվել են էական ներդրում ունենալ երկու երկրների պատմական բարեկամության հետագա ամրապնդման գործում։