Ծալկայի շրջանի Դարակով (Դարագյուղ, Դարաքով) գյուղն է՝ ժամանակին ամենամեծն ու հայտնին, ուր կյանքը եռում էր, հիմա դատարկվում է, հատկապես, ըստ սեզոնի: Գյուղի բնակչությունը կազմում է մոտ 600 մարդ, 70 տոկոսը հատկապես կարտոֆիլի սեզոնին տեղում է, մնացած ամիսներին այստեղ ևս շատերն են բռնում «խոպանի» ճանապարհը:
Ի դեպ, կարտոֆիլը Դարակովի այցեքարտն է: Հոլանդական սորտի սերմերը, որ էլիտար են համարվում, մշակվում են լավագույն պայմաններում, հողը ևս բարենպաստ է:
Ոռոգման համակարգը վերականգնվել է նախորդ տարվա գյուղի աջակցության նախագծի շրջանակներում: Գյուղացիները չեն բողոքում նաև կարտոֆիլի մշակման պայմաններից՝ ունեն ընդհանուր առմամբ 130 տրակտոր: Ծալկայի մունիցիպալիտետի ավագանու անդամ Լաերտ Թորոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ կարտոֆիլի մշակման համար կա ամենինչ, խնդիրն իրացումն է, չկա ապրանքն ընդունող:
«Նախորդ տարվա բերքը, օրինակ, շատերն իրացնել չկարողացան, վնաս կրեցին: Արդյունքում, կարտոֆիլը մնաց իրենց, նորից ցանեցին: Այն դեպքում, երբ Թուրքիայից ներկրում են կարտոֆիլ, տեղականը՝ որակյալ, մնում է։ Բացի այդ, գյուղացիները բերքը Թբիլիսի հասցնել չեն կարող, մեծ ծախսերի հետ է կապված»,- ասում է Թորոսյանը:
Բացի կարտոֆիլից Դարակովը հայտնի է նաև ոչխարի պանրով: Այստեղ 180 գլուխ ոչխար են պահում: Անասուններ պահելու խնդիրն էլ արոտավայրի բացակայությունն է, հոտը ստիպված 7 կմ է անցնում դաշտերին հասնելու համար: Ճանապարհների հարցն էլ, ի դեպ, լուծման փուլում է: Լաերտ Թորոսյանն ասում է՝ դա ընթացքում գտնվող պետական ծրագրերից մեկն է։
Գյուղում արդեն մարզադաշտ կա, այս տարի էլ ծրագրվում է ամբուլատորիա բացել, վերանորոգել գյուղի գերեզմանոցի պատերը, լուսավորում անցկացնել:
Դարակովը հիմնվել է 1826-28 թվականներին։ Բնակիչները գյուղի հիմնադրումը կապում են եկեղեցու կառուցման հետ: Եկեղեցում, ի դեպ, ասում են վերջին անգամ քահանա եղել է մի քանի տարի առաջ՝ Զատիկի տոնի կապակցությամբ: Ժամերգություններ չեն անցկացվում, սակայն ամեն կիրակի գյուղացիներն այստեղ մոմ են վառում, աղոթում: Վերջերս եկեղեցին գյուղի զավակներ Ռաֆիկ և Գագիկ Աղաջանյանների գլխավորած «Ապավեն» հիմնադրամի աջակցությամբ է վերանորոգվել:
Դարակովում գործում է նաև 12-ամյա դպրոց, որի աշակերտների թիվը, սակայն, տարեց տարի պակասում է: Այսօր առաջին դասարանում ուսում է առնում 6 աշակերտ: