Դանիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքին», բողոքի ցույցի մասկանիցներին և Վրաստանի կառավարությանը կոչ անում ապահովել խոսքի ազատությունը։
X սոցիալական ցանցում Դանիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ ընդգծվում է՝ Դանիան աջակցում է ժողովրդավարական Վրաստանին Եվրամիությունում։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ «գործակալների մասին օրենքը» անհամատեղելի է Եվրամիության նորմերի հետ»:
«Ակցիայի մասնակիցների նկատմամբ կառավարության կիրառած անհամաչափ ուժը խանգարում է Վրաստանին անդամակցել Եվրամիությանը։ Կոչ ենք անում կառավարությանն ապահովել խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատությունը»,- գրել է Դանիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։