
Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում մարզադաշտի (մինի ստադիոն) շինարարությունը մեկնարկել է: Այս պահի դրությամբ փորվել է ստադիոնի հիմքը, կատարվում են դաշտի հարթեցման, երկաթների զոդման աշխատանքներ:
Շինաշխատանքներն իրականացնող ընկերության՝ «ԳՇ 1992» ՍՊԸ-ի տնօրեն Գիորգի Շուբիթիձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ եթե եղանակային պայմանները լավ լինեն, նախատեսում ենք շինաշխատանքներն ավարտել մեկ կամ մեկուկես ամսվա ընթացքում:
Դամիա գյուղում մարզադաշտի կառուցման պայմանագիրը կնքվել է մարտի 20-ին, գնումների գործակալության կայքում արդյունքներն արտացոլվել են մարտի 24-ին:
Մարզադաշտի կառուցման համար Մառնեուլիի քաղաքապետարանը 180 հազար լարիի մրցույթ էր հայտարարել: Մրցույթին մասնակցել էր 13 ընկերություն, հաղթող է ճանաչվել «ԳՇ 1992» ՍՊԸ-ն. ընկերությունը նախագծի իրականացման համար առաջարկել է ամենաքիչ գումարը՝ 154 հազար 443 լարի 42 թեթրի: Պայմանագրի վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է:
Ուշագրավ է, որ վերջին տարիներին Դամիայի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում էին խաղադաշտ չունենալու խնդիրը, որը «Ալիք Մեդիա Վրաստան»-ը ևս լուսաբանել է: Վերջին նմանատիպ դեպքը 2024-ին էր, երբ նրանք «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնահերթություն էին տվել նաև մարզադաշտի կառուցմանը:
Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության պետ Բեքա Աբդելանին խոստացել էր, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կներկայացնի մարզադաշտի կառուցման նախագիծը, և մինչև 2024-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունը մարզադաշտն արդեն կառուցված կլինի:
Ընդգծենք. խոստումից հետո Դամիայի բնակիչները ստորագրահավաքով դիմել էին քաղաքապետարանին՝ մարզադաշտի կառուցման պահանջով: Ավելի ուշ քաղաքապետարանից ստացած պատասխան նամակում նշվել էր՝ 2024-ի բյուջեում Դամիայի մարզադաշտի կառուցում նախատեսված չէ: