Դամիայի մարզադաշտի պայմանագիրը կնքվել է. սպասում են շինաշխատանքներին

Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում կառուցվելիք մարզադաշտի (մինի ստադիոն) պայմանագիրը կնքվել է: Դրա մասին տեղեկանում ենք գնումների գործակալության կայքում հայտարարված մրցութային փաստաթղթից:

Մարզադաշտի կառուցման համար Մառնեուլիի քաղաքապետարանը 180 հազար լարիի մրցույթ էր հայտարարել: Մրցույթին մասնակցել է 13 ընկերություն, հաղթող է ճանաչվել «ԳՇ 1992» ՍՊԸ-ն. ընկերությունը նախագծի իրականացման համար առաջարկել է ամենաքիչ գումարը՝ 154 հազար 443 լարի 42 թեթրի:

Ուշագրավ է, որ ընկերության հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է մարտի 20-ին, իսկ ահա գնումների գործակալության կայքում արդյունքներն արտացոլել՝ մարտի 24-ին: Ըստ տեղեկության՝ պայմանագրի վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Մեկ այլ ակնառու հանգամանք է նաև այն, որ Մառնեուլիի քաղաքապետարանի մրցութային փաստաթղթում նշված է, որ հաղթող ճանաչվող ընկերությունը շինաշխատանքները պետք է ավարտի պայմանագրի կնքման օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում:

Ըստ գյուղացիների՝ շինաշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներն արդեն այցելել են գյուղ ու ծանոթացել տեղանքին: Գյուղացիների խոսքով, մարզադաշտը կառուցվելու է դպրոցին հարող տարածքում, ինչը կարևոր է, քանի որ դպրոցը չունի մարզադահլիճ և կկարողանա օգտվել դրանից: Շինաշխատանքներ իրականացնող կազմակերպության աշխատակիցները գյուղացիներին նաև վստահեցրել են, որ մոտ օրերս սկսելու են կառուցման աշխատանքները: Մարզադաշտի կառուցվածքը հասանելի է՝ այստեղ:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին Դամիայի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում էին խաղադաշտ չունենալու խնդիրը, որը «Ալիք Մեդիա Վրաստան»-ը ևս լուսաբանել է: Վերջին նմանատիպ դեպքը 2024-ին էր, երբ նրանք «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնահերթություն էին տվել նաև մարզադաշտի կառուցմանը:

Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության պետ Բեքա Աբդելանին խոստացել էր, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կներկայացնի մարզադաշտի կառուցման նախագիծը, և մինչև 2024-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունը մարզադաշտն արդեն կառուցված կլինի:

Ընդգծենք. խոստումից հետո Դամիայի բնակիչները ստորագրահավաքով դիմել էին քաղաքապետարանին՝ մարզադաշտի կառուցման պահանջով: Ավելի ուշ քաղաքապետարանից ստացած պատասխան նամակում նշվել էր՝ 2024-ի բյուջեում Դամիայի մարզադաշտի կառուցում նախատեսված չէ: