Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի դպրոցի երկու աշակերտուհիներ՝ Աստղիկ Խաչատուրյանը և Թամարա Սարգսյանը մասնակցել են «Վաժայի ստեղծագործությունն իմ գեղագրությամբ» կալիգրաֆիայի մրցույթին և դարձել «Հաջողակ կալիգրաֆներ»։
Դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ մրցույթի մասին նամակ է եկել դպրոցի էլեկտրոնային փոստին։
«Նման նամակները, եթե կապված են կոնկրետ առարկաների հետ, վերահասցեավորում եմ համապատասխան ուսուցիչներին, տվյալ դեպքում՝ «Վրացերենը որպես երկրորդ մայրենի լեզու» առարկայի ուսուցչուհի Մզիա Գունիային, և եթե ուսուցիչները հարմար են գտնում, որ երեխաները կարող են մասնակցել այդ մրցույթին, տեղեկացնում են աշակերտներին։ Սա այդ դեպքերից մեկն է»,- ասում է Ամիրյանը։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ նման մրցույթներն աշակերտների մոտ նախ զարգացնում են ինքնավստահությունը, ստեղծագործական միտքը.
«Նման մրցույթներում տրվում է միայն տեքստը մնացածն աշակերտն ինքն է ձևավորում ու նկարազարդում, և հասնել ինչ-որ արդյունքի մի մրցույթում, որն անց է կացվում ոչ թե տեղական, այլ հանրապետության մակարդակով՝ այն էլ գեղագրությունում, դա արդեն իսկ խոսում է մեր աշակերտների բարձր մակարդակի մասին է»։
Ամիրյանը հավելում է, որ դպրոցի աշակերտները հաճախ են մասնակցում կրթության նախարարության կողմից կազմակերպվող զանազան մրցույթների։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղի կյանքը բավականին միօրինակ է, այսպիսի նախագծերին մասնակցելով՝ աշխատում ենք գոնե մի քիչ այն դարձնել բազմերանգ»,- ասում է Ամիրյանը։
Աստղիկ Խաչատուրյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անկեղծորեն նշում է, որ շատ բարդ է գեղագրությամբ գրել, որովհետև գրելու ընթացքում պետք է ուշադիր լինել, որ ոչ մի սխալ կամ որևէ բացթողում չարվի։
«Ֆանտազիան` մեզնից, մենք ինքներս պիտի որոշեինք թե տառերին ինչ ձև ենք տալու և ինչպես ենք այն ներկայացնելու: Մի խոսքով, բավականին դժվար աշխատանք էր, բայց հաճելի և, իհարկե, արդյունքն ավելի ոգևորեցնող»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Խաչատուրյանը։
Թամարա Սարգսյանը նշում է, որ մրցույթի ընթացքը շատ հաճելի էր, քանի որ սիրում է ձևավորել և նորություններ ստեղծել։
«Այդ պահին իմ առջև տառերն էին, որոնց պետք է նոր գույն հաղորդեի, և բնականաբար, նաև պարտավորեցնող ու պատասխանատու գործ էր ինձ համար։ Մրցույթը շատ հետաքրքիր էր, քանի որ ես նաև ծանոթացա տարբեր մասնակիցների կատարած աշխատանքներին, որոնք նույնպես յուրահատուկ էին»,- ասում է Սարգսյանը՝ հավելելով՝ ամենակարևորն այն է, որ մասնակցելու ընթացքում անպայման մի նոր բան ես սովորում։
Սարգսյանը նաև ընդգծում է, որ մրցանակների բուն հանձնումը Թբիլիսիում էր կազմակերպվել, սակայն, ցավոք, չեն կարողացել ներկայանալ, որի պատճառով էլ իրենց մրցանակներն ուղարկել էին Մառնեուլի ռեսուրսկենտրոն։
Այսօր Թամարան և Աստղիկը՝ տնօրենի հետ միասին հրավիրվել էին Մառնեուլիի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Էլգուջա Կուպատաձեն հանդիսավոր պայմաններում հանձնել է պատվոգրերն ու նվերները։
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է Ձեռագրերի ազգային կենտրոնի ցուցահանդեսային և կրթական ծրագրերի բաժինը՝ Վաժա-Փշավելայի ծննդյան 160-ամյակի շրջանակում։ Ծրագիրը նախատեսված է եղել տարրական և բարձր դասարանների աշակերտների համար։
Մասնակիցներին հանձնել են հավաստագրեր և խորհրդանշական իրեր։ Մրցույթն անց է կացվել առցանց տարբերակով՝ 2021 թվականի նոյեմբերին։