Դադեշ գյուղը դեռ սպասում է գազամատակարարման

Դադեշ գյուղում բնակիչները տարիներ շարունակ ապրում են առանց գազի, ինչը ծանր անդրադարձ է թողնում նրանց առօրյայի և կյանքի որակի վրա։ Այս մասին գյուղացիները տեղեկացնում են «Ալիք մեդիա Վրաստան»-ին՝ խնդրելով անդրադառնալ իրենց խնդրին։

Դադեշ գյուղը, որը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արևմուտք, երկար տարիներ պայքարում է գազաֆիկացման համար։ Չնայած բազմաթիվ խոստումներին՝ գյուղի բնակիչները դեռևս զրկված են բնական գազից, ինչը դարձել է առօրյա դժվարությունների հիմնական պատճառ։

Գազի բացակայությունը ստիպում է գյուղացիներին տների տաքացման համար օգտագործել վառելափայտ և գոմաղբ, ինչը լրջորեն դժվարացնում է նրանց կյանքը։ Սնունդ պատրաստելու համար հիմնականում օգտագործում են գազի բալոններ, որոնք, ինչպես նշում են բնակիչները, բավականին թանկ են, չեն կարող երկարաժամկետ լուծում ապահովել։

«Սամցխե-Ջավախեթիում սկսվել է գազաֆիկացումը, սակայն մենք գազ չունենք։ Մենք մեր տները տաքացնում ենք վառելափայտով ու գոմաղբով։ Ձմռան ամիսներին գնում ենք մոտ երեք շարք վառելափայտ, իսկ սնունդ պատրաստելու նպատակով գնում ենք բալոններ», — ասում է Դադեշ գյուղի բնակիչ Սեդրակ Ասլանյանը։

Չնայած վերջին տարիներին ջրամատակարարման խնդիրը լուծվել է՝ Դիլիֆ գյուղից ջուր մատակարարվելու շնորհիվ, գազաֆիկացման բացակայությունը շարունակում է մնալ Դադեշի բնակիչների ամենամեծ մարտահրավերը։

«Ընտրություններից առաջ թեկնածուները խոստանում են գազաֆիկացնել գյուղը, բայց մենք դեռ նույն վիճակում ենք։ Ձմռանը ամբողջ օրը վառարանը վառ ենք պահում, իսկ վառելափայտի ծախսը պարզապես աղետալի է դարձել։ Իմ կյանքի մեծ մասն անցել է առանց գազի։ Հույս ունեմ, որ գոնե մեր երեխաները գազ կունենան ու կկարողանան ապրել ավելի հեշտ պայմաններում»,- ասաց Դադեշ գյուղի բնակիչներից մեկը։

Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականներին  գազաֆիկացվելու է Ախալքալաքի շրջանում գտնվող Թախչա, Աբուլ, Մոդեգամ, Մեծ և Փոքր Սամսար և Բուզավեթ, իսկ Նինոծմինդայի շրջանում՝ Ժդանով, Սամեբա, Գորելովկա, Եֆրեմովկա և Օրլովկա գյուղերը։ Գազաֆիկացման ծրագիրը ֆինանսավորելու է պետությունը։

«Ալիք Մեդիա Վրաստանը» կապ հաստատեց Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության հետ, որտեղից հայտնեցին, որ Դադեշ գյուղի գազաֆիկացման ժամկետները դեռևս սահմանված չեն, հստակ չեն կարող նշել, թե երբ կգազաֆիկացվի գյուղը։

Գյուղի բնակիչները հույս են հայտնում, որ գազաֆիկացման խնդիրը վերջապես լուծում կստանա, դա կնպաստի ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավմանը, այլև գյուղի զարգացմանը։

«Գազի հասանելիությունը կփոխի մեր կյանքը։ Մենք պարզապես ուզում ենք ապրել հարմարավետ և ապահով պայմաններում։ Ամբողջ գյուղն ապրում է նույն դժվարություններով», — ասում են նրանք։

Գյուղի բնակիչները չեն կորցնում հույսը, որ մի օր իրենց գյուղն էլ կգազաֆիկացվի։ Նրանք հավատում են, որ տարիների սպասումն ի վերջո կարդարացվի։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան