Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Ցյուրիխի համալսարանի նախագահ Մայքլ Շեֆմանի հետ Ցյուրիխ քաղաքում բացել է վրացի նշանավոր լեզվաբան, պրոֆեսոր Կիտա Չխենկելիի հուշատախտակը։
Վրաստանի ԿԳՆ-ի համաձայն՝ արարողությանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Լոմինաձեն։ Միջոցառմանը նախարար Չխենկելին խոսել է Ցյուրիխի համալսարանի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Կիտա Չխենկելիի վաստակի և Վրաստան-Շվեյցարիա հարաբերությունների խորացման գործում ունեցած ավանդի մասին։
«Պատիվ ունեմ մասնակցելու վրացի ականավոր լեզվաբան, Ցյուրիխի համալսարանի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Կիտա Չխենկելիի հուշատախտակի բացման արարողությանը։ Հատկանշական է, որ նրա անունով հուշատախտակը տեղադրվել է այստեղ՝ Ցյուրիխում՝ այն տան ճակատին, որտեղ ապրել և աշխատել է լեզվաբանը։
Պրոֆեսոր Կիտա Չխենկելիի հուշատախտակը հավերժացնում է նրա հիշատակն ու անգին ժառանգությունը», — նշում է Չխենկելին։
Նախարարը հայտնել է, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կանի ամեն ինչ Ցյուրիխի համալսարանում վրացագիտության ծրագիրը վերականգնելու և զարգացնելու համար։