Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունում արդեն 2-րդ օրն է ինչ ընթանում են զորավարժություններ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի սահմանակից գյուղերում ևս հնչում են կրակոցների և պայթյունների ձայներ։
Սահմանակից գյուղերից մեկի՝ Էրգնեթիի բնակիչները լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, թե սա շատ է հիշեցնում 2008 թվականի պատերազմը։
«Ցխինվալիում ակտիվ զորավարժություններ են ընթանում այս երկու օրերին։ Ռումբերի պայթյունների և զենքերի ձայն է լսվում: Սա շատ վատ նշան է և ինձ հիշեցնում է օգոստոսի 8-ի պատերազմի սկիզբը։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ ռուսների կողմից սադրանքների չենթարկվենք»,- ասել է բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զարծեմ գյուղի հրաձգարանում մեկնարկել են մոտոհրաձգային գումարտակի զորավարժությունները, որոնց նպատակն է՝ կատարելագործել հրազենային և ինժեներական հմտությունները։