Ցխինվալին ցանկանում է «վերակենդանացնել» Վրաստանի հետ ուժի չկիրառման համաձայնագիրը

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի Ռուսաստանում դե ֆակտո դեսպան Զնաուր Գասիևը հայտարարել է, որ «Վրաստանի հետ ուժի չկիրառման համաձայնագրի հարցը նոր աշխարհաքաղաքական պայմաններում պետք է վերակենդանացնել»։

«Այդ հարցը բարձրացնում է ոչ միայն Աբխազիան, այլև Հարավային Օսիան։ Ժնևում մենք բանակցությունների մի քանի փուլ ենք ունեցել։ Սակայն Վրաստանը դեռ չի ստորագրել այս փաստաթուղթը։ Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունները, ես կցանկանայի, որ այդ փոփոխությունները դրական լինեն, այս հարցին պետք է ուշադրություն դարձնել», — ասել է Գասիևը:

Ցխինվալիի ներկայացուցիչը նաև ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Վրաստանի ռազմավարական կուրսը «դրական գործոն» չի լինի.

«Ես չեմ կարող մեկնաբանել վրաց ժողովրդի և կառավարության ցանկությունը՝ միանալու որևէ դաշինքի, բայց մեզ համար դա, իհարկե, դրական գործոն չի լինի համակեցության համար։ Հարավային Օսիան ապրում է «ռուսական աշխարհում», նրա մի մասն է և ոչ մի տեղ գնալու մտադրություն չունի», — ասել է նա: