Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունները սկսել են քանդել Ցխինվալիի պատմական կամուրջը։
Վրաստանի նախկին օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին համացանցում տարածել է Ցխինվալի ակտիվիստների տրամադրած լուսանկարները, որտեղ պատկերված է կամրջի ապամոնտաժումը։
Քանդվող կամուրջը Ցխինվալիում կառուցվել է 1910 թվականին՝ Ռուսական կայսրության օրոք։ Այն ժամանակ դա Ցխինվալիի Լիախվ գետի վրայով անցնող միակ լայն, քարե, աղյուսից ու երկաթե կամուրջն էր, որով կարելի էր համեմատաբար ծանր բեռներ տեղափոխել։
Կամուրջը մասամբ վնասվել է 1990-ականների հակամարտության ժամանակ, որից հետո ծանր մեքենաներն այլևս չեն կարողացել անցնել դրա վրայով։
Օսական RES լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կամրջի քանդմանն ի սկզբանե չի աջակցել մշակույթի նախարարությունը, ըստ որի կամուրջը մշակութային ժառանգության հուշարձան է, սակայն գործին միջամտել է դատախազությունը՝ որոշելով կամուրջը հեռացնել մշակութային ժառանգության հուշարձանների ցանկից։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կամրջի ամրության վերաբերյալ հետազոտական աշխատանքներն իրականացրել է ռուսական ինժեներական ընկերությունը Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրի շրջանակներում, արդյունքում պարզվել է, որ կառույցն ունեցել է մոտ 70% մաշվածություն, ինչը գերազանցել է թույլատրելի նորմը։
Ըստ շինարարության նախարար Էդուարդ Ձագոևի՝ անհրաժեշտ է կառուցել նոր կամուրջ, քանի որ հինը նորոգելը ավելի թանկ կարժենա։
Эхо Кавказа-ն հոկտեմբերի 6-ին հայտնել է Ցխինվալիում տեղի ունեցած բողոքի ցույցի մասին։ Հանրահավաքին մասնակիցները նշել են, որ կամուրջը քաղաքի պատմամշակութային ժառանգության մի մասն է՝ պահանջելով այն պահպանել որպես հետիոտնի համար նախատեսված վայր։
Մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները ևս դեմ են արտահայտվել կամուրջը քանդելու որոշմանը։