Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր «նախագահ» Ալան Գագլոևի «երդմնակալության» արարողությունը:
Res լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գագլոևը «երդում է տվել երկու պաշտոնական լեզուներով՝ օսերեն և ռուսերեն»։
«Նախագահի պաշտոնն ինձ վրա է դնում ամենաբարձր պարտավորությունները։ Ինձ համար ամենակարևոր խնդիրներն են օրենքի գերակայությունը, ազատության և մարդու իրավունքների հարգանքը, քաղաքացիների համընդհանուր իրավահավասարությունը»,- ասել է Գագլոևը։
Նշենք, որ Ցխինվալիի դե ֆակտո նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է մայիսի 8-ին։ Դե ֆակտո ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության նախագահ Ալան Գագլոևը հաղթել է արդեն նախկին դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին՝ հավաքելով ձայների 56 տոկոսը։
Հիշեցնենք՝ դե ֆակտո նախագահական ընտրությունները ճանաչում են միայն այն երկրները, որոնք ճանաչել են Վրաստանի այս տարածքը որպես «անկախ հանրապետություն»։
Կարդացեք նաև՝
Վրաստանի հետ հարաբերությունները կախված են բազմաթիվ գործոններից. Գագլոև