
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն հունիսի 4-ին ավարտել է մայիսի 14-ին «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված անչափահաս Գիորգի Մելիքիշվիլիի գործի լսումը։ Ցույցի մասնակցին մեղադրանք էր առաջադրվել երկու վարչական իրավախախտումների, մանր խուլիգանության և ոստիկանին չենթարկվելու համար։
Դատավորի որոշմամբ՝ մանր խուլիգանություն չի եղել, և հետևաբար անչափահասն անմեղ է ճանաչվել։
Այդ օրը ոստիկանությունը Գիորգիից բացի ձերբակալել է ևս 13 հոգու, որոնցից մի քանիսին դաժան ծեծի էին ենթարկել հատուկ ջոկատայինները։ Գիորգի Մելիքիշվիլին հայտնել է նաև ոստիկանների կողմից նվաստացման և անմարդկային վերաբերմունքի մասին։ Գիորգիի հայցն ընդդեմ ոստիկանների, որտեղ նա պահանջում է հետաքննել ոստիկանների բռնության փաստերը, ներկայացվել է հատուկ քննչական ծառայություն։