Վերջին մի քանի օրերին ոստիկանությունը «գործակալների օրենքի» դեմ կազմակերպված հանրահավաքից 40 քաղաքացու է բերման ենթարկել։ Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ այս թիվը պատգամավորներին հայտնել է ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Մինչ այժմ հայտնի էր միայն 34 բերման ենթարկվածների մասին, այդ տվյալները մի շարք հասարակական կազմակերպություններից հավաքել էր Radiotavisupleba լրատվականը։
«Մասնակիցներից ոմանք ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ, տարբեր իրեր են նետել, այդ թվում՝ քարեր, շշեր, ներկ են լցրել, բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ են հասցրել ոստիկաններին և չեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»,- ասել է ՆԳ նախարարը։
Բողոքի ակցիաները ցրելու ժամանակ մի քանի քաղաքացի վիրավորում է ստացել, այդ թվում՝ երկու ոստիկան, հինգ քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց։ Հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ապրիլի Մեդիա» առցանց լրատվամիջոցների լրագրողներին։ Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին անվտանգության աշխատակիցներին մեղադրում է իրենց ծեծի մեջ։
Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական՝ պնդելով, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։