Ապրիլի 16-17-ը Թբիլիսիի խորհրդարանի մոտ «ռուսական օրենքի» դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 18 քաղաքացի, radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ): Այլ մանրամասներ նախարարությունից չեն հայտնել:
Ցուցարարները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»։ Վրաստանի խորհրդարանի մոտ ապրիլի 16-ին անցկացված բողոքի ցույցի ժամանակ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ապրիլի Մեդիա» առցանց լրատվամիջոցների լրագրողներին։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է ապրիլի 17-ի ակցիային։ Նրա խոսքով, բողոքի ակցիան խաղաղ է եղել, թեև հանրահավաքում եղել են խմբեր, «որոնց խնդիրն էր սադրելն ու բռնության գնալը»։
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:
«Մթավարի» հեռուստատեսությունը տարածում է աղմկահարույց «ռուսական օրենքին» կողմ քվեարկողների ցուցակը, որտեղ արձանագրված են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Ստորև ներկայացնում ենք ցուցակի լուսանկարները:
«Ռուսական օրենքն» ընդունվեց առաջին ընթերցմամբ. Զուգահեռաբար ընթանում է բողոքի ցույց