Ցույցերի մասնակից դերասանի կադրերը հեռացվել են Wissol-ի գովազդից

Լուսանկարը՝ mtavari.tv-ից

Wissol Petroleum Georgia նավթային ընկերությունը գլխավոր տնօրեն Վասիլ Խորավայի անունից հայտարարություն է տարածել՝ ընկերության գովազդի հեռուստատեսային տարբերակից դերասան Անդրո Ճիճինաձեի կադրերը կտրելու վերաբերյալ՝ ապատեղեկատվություն ու անհիմն մեղադրանք որակելով այն, թե դերասանի մասնակցությամբ կադրը քաղաքական դրդապատճառներով է կտրվել տեսահոլովակից։

Խորավան գրում է նաև, որ իրենք որոշել են հեռուստատեսային հեռարձակումից ընդհանրապես հանել հոլովակի կրճատ տարբերակը՝ «հաշվի առնելով ստեղծված զգայուն իրավիճակը»։ Նույն հայտարարության մեջ գրված է, որ Ճիճինաձեի մասնակցությամբ Wissol-ի գովազդային հոլովակի ամբողջական տարբերակը դեռ հասանելի է ընկերության սոցիալական ցանցերում։

Խորավան գրել է, որ իրենք կապվել են Ճիճինաձեի ընտանիքի հետ, բացատրել պայմանագրի իրավական կողմը։ Նա հույս է հայտնել, որ «Անդրոն շուտով կվերադառնա իր ընտանիքին և իր մասնագիտությանը, և հետագայում հնարավոր կլինի նրա հետ համագործակցել»։

Հունվարի 4-ին սոցցանցերում Wissol-ի գովազդից կադրեր են շրջանառվել, որոնցում, ի տարբերություն նախորդ՝ գրեթե նույնական տարբերակի, Ճիճինաձեն այլևս չի երևում։ Քաղաքացիների մի մասը կասկածում էր, որ Wissol-ը քաղաքական դրդապատճառներով հեռացրել է Ճիճինաձեի կադրերը գովազդից։

Ճիճինաձեի մայրը՝ Լիկա Գունցաձեն, գրել է, որ իրեն զանգահարել են Wissol-ից, սակայն ինքը հրաժարվել է նրանց հետ հարցազրույցներից: «Ինչ-որ կերպ ուզում են արդարանալ։ Ամոթ է», — գրել է Գունցաձեն:

Ճիճինաձեն Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում մեկ ամսից ավելի շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցն է։ «Ախալի թեատրի»-ի (Նոր թատրոն) դերասան Անդրո Ճիճինաձեի նկատմամաբ դեկտեմբերի 7-ից դատարանը որպես խափանման միջոց կիրառել է կալանքը։ Նա մեղադրվում է եվրոպամետ ցույցերի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու մեջ, ինչը ենթադրում է 4-6 տարվա ազատազրկում։

Ցույցերի հիմքում ընկած է «Վրացական երազանք»-ի կառավարության որոշումը, ըստ որի՝ մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չեն բերելու ԵՄ անդամակցության բանակցությունների բացման հարցը։

Բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել՝ ծեծի և բռնության նշաններով։ Ձերբակալված ցուցարարներից մի քանիսին դատել են քրեական օրենսդրությամբ։ Տասնյակ կալանավորներ դեռ բանտում են։