Ցույցերի հինգերորդ գիշերը` բռնության դեպքերով և նոր ձերբակալություններով

Թբիլիսիում բողոքի ցույցերի հինգերորդ գիշերն ավարտվել է բռնության դեպքերով և նոր ձերբակալություններով:

Դեկտեմբերի 3-ի ժամը 05:30-ին Ռուսթավելիի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք հավաքվել են մետրոպոլիտենի կայարանի մոտ, իսկ որոշ մասը շարժվել է դեպի Ճավճավաձեի պողոտա՝ Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ։

Ռուսթավելիի պողոտայի ցույցը ցրելուց հետո հատուկջոկատայինները սկսել են հեդապնդել և ծեծի ենթարկել ցուցարարներին: Ցուցարարները հետապնդումների են ենթարկվել ոչ միայն հանրահավաքների տարածքներում, այլև բակերում, նրբանցքներում ու շենքերի շքամուտքերում։

Ընդհանուր առմամբ, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, վերջին ժամերին ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել։

Դեկտեմբերի 2-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 5-րդ օրը, Ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ), ի տարբերություն նախորդ օրերի, բողոքի ցույցը բիրտ ուժով սկսել է ցրել ավելի շուտ՝ ժամը 21:30-ից:

Ապրիլի 9-ի փողոցում կանգնած ոստիկանները շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա և ուժի կիրառմամբ բերման ենթարկել ցուցարարներին։ Բերման ենթարկվածները բազմաթիվ են:

Ցուցարարների դեմ պարբերաբար կիրառվում էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և այլ բռնի միջոցներ: Ժամը 21:50-ի դրությամբ խորհրդարանի դիմացի տարածքում միայն հատուկջոկատայիններ էին: Նրանք ցուցարարների որոշակի խմբի շրջափակել էին Քաշվեթիի եկեղեցու բակում։ Ժամը 21։55-ի դրությամբ Կապույտ պատկերասրահի դիմաց ոստիկանական շղթա էր կազմվել։ Ժամը 22:30-ի դրությամբ ցուցարարների մի մասը շարժվել է դեպի մետրոյի «Ռուսթավելի» կայարան։

ՆԳՆ-ն կրկին ցուցարարներին կոչ է արել ցրվել, հակառակ դեպքում սպառնացել է կիրառել «հատուկ միջոցներ»։ Ցուցարարներն ի նշան բողոքի հրավառություն էին կազմակերպել։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։