
Վրաստանում շարունակական բողոքի ցույցերի 100-րդ օրն է. Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, որտեղ օրենսդիր մարմնի շենքն է գտնվում` արգելափակված է։
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ` խորհրդարանի շենքի մոտ կրկին քաղաքացիներ են հավաքվել. նրանց են միացել նաև «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռարձակողի) շենքի մերձակայքից և Թբիլիսիի պետական համալսարանից երթի դուրս եկած քաղաքացիները։
Հասարակությունը պահանջում է նոր ընտրությունների անցկացում և բողոքի ակցիաների ժամանակ ապօրինի բերման ենթարկվածների ազատ արձակում։
Հիշեցնենք, որ շարունակական բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին 2024 թվականի հոկտեմբերի 26-ից հետո և ավելի մեծ թափ ստացան նոյեմբերի 28-ից, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ 4 տարով օրակարգից հանում է եվրանդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը։