Ցույցերը սահմանադրական շրջանակներում են. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ կա ազգային կոնսենսուս, ինչը նախևառաջ նշան է, որ «մենք չենք գնում Ռուսաստան և գնում ենք Եվրոպա»: Սա, նախագահի խոսքով, բոլորի հայտարարած նպատակն է, և եթե կա մեկը, որ այդ նպատակից չի շեղվել՝ հասարակությունն է։

Ըստ նախագահի՝ այսօրվա քաղաքացիական բողոքի ակցիան փողոցում պետք է մնա ազատ և ինքնաբուխ, և վերջինս ոչ թե քաղաքական միջամտության կարիք ունի, այլ` աջակցության և պաշտպանության, ինչը նշանակում է ցույցերում ներգրավված մարդկանց օրինական պաշտպանություն, նաև ապագայում պետք է ստեղծել հանրային հիմնադրամ, որի օգնությամբ կփակվեն նաև ցուցարարների դեմ նշանակված տուգանքները:

Նախագահն ասել է՝ իր անմիջական պարտականությունն է նաև միջազգային գործընկերներից բռնության դեմ հայտարարություններ լսելը։ Նախագահ Զուրաբիշվիլին հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել զգույշ լինել:

«Ցույցերը սահմանադրական շրջանակներում են», — ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը հայտարարել է՝ նոր ընտրությունների անցկացումը մնում է հիմնական պահանջն ու նպատակը. միայն դա երկիրը կտանի դեպի խաղաղություն։

Զուրաբիշվիլին դիմել է նաև «Առաջին ալիք»-ին (Հանրային հեռուստաընկերություն): Նախագահն ասել է՝ պատրաստ է «Առաջին ալիք»-ին հարցազրույց տալ. «Առաջին ալիք»-ից պատասխանել են, որ իրենք պատրաստ են այսօր ևեթ ընդունել և եթեր տրամադրել Զուրաբիշվիլիին: