Թբիլիսիում հունիսի 20-ին ցույցը ցրելու ժամանակ վիրավորվածներից ևս 3-ը արտերկիր են մեկնել բուժվելու նպատակով: Նրանցից երկուսը` Իսրայելում, իսկ մեկը` Թուրքիայում կշարունակի բուժումը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, իսկ բուժման ծախսերը կհոգա Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի` «Քարթու» հիմնադրամը:
Նախարարությունը, սակայն, չի նշում, թե ինչ վնասվածքներ ունեն նշված անձինք և պնդում է, թե դա անձնական տվյալների հետ է կապված:
Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տեղեկատվությամբ, արտերկրում այս պահին բուժվում է 6 տուժած: Բուժման նպատակով Թուրքիայում է գտնվում երկու իրավապահ, 2-ական քաղաքացի` Իսրայելում և Գերմանիայում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային ցույցեր սկսեցին այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Ուշ երեկոյան ներքին գործերի նախարարության հատուկ ուժերը ցրեցին ցույցը՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ցույցը ցրելու պատճառով վիրավորվել էր 240 քաղաքացի: