Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի կինը՝ Սևիչ Սադիգովան, նրանց երեխաները և իրավապաշտպանները Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ, բողոքի ցույց են անցկացրել:
Ցույցի մասնակիցները ցուցապաստառներ են վեր պարզել հետևյալ բովանդակությամբ` «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին», «Ազատություն Աֆգան Սադիգովին», «Իլհամ Ալիևը բռնապետ է»:
Բողոքի ցույցին միացել է Թբիլիսիում գտնվող շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Ցույցը համընկել է Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP29) անցկացման հետ, որի դեմ Գրետա Թունբերգը նախատեսում է բողոքի ցույց անցկացնել:
Ցույցի կազմակերպիչների խոսքով, իրենց նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների պահման ծանր պայմանների վրա։ Սևիչ Սադիգովան խոսել է նաև ամուսնու առողջական վիճակի մասին։
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը կսկսի վերանայել Սադիգովի գործը, որը վերաբերում է նրան միջազգային պաշտպանության կարգավիճակ տալուց հրաժարվելուն։
Ադրբեջանական Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում։ Նա Վրաստան է ժամանել 2023 թվականի դեկտեմբերին և պատրաստվում էր լքել երկիրը ձերբակալությունից երկու շաբաթ առաջ, սակայն օդանավակայանում նրան թույլ չտվեցին։
Օգոստոսի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սադիգովին դատապարտել է եռամսյա արտահանձնման կալանքի, իսկ նոյեմբերի 1-ին ժամկետը երկարացրել է երեք ամսով։