Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալում ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն «Լուգանսկի և Դոնեցկի պաշտպանության համար ռազմական գործողություններ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշման»։
Ակցիան կազմակերպել է Հարավային Օսիայի դե ֆակտո իշխող «Եդինայա Օսեթիա» կուսակցությունը։
Օսական «Ռես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքին ներկա է եղել ավելի քան հազար մարդ։
«Մենք աջակցում ենք Ռուսաստանին, քանի որ ինքներս ենք անցել ազգայնականության և ֆաշիզմի ողբերգության միջով։ Մենք Ռուսաստանի կողքին ենք, Դոնբասի ժողովրդի կողքին»,- ասված է դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարության մեջ։
Նշենք, որ Ռուսաստանը Հարավային Օսիան անկախ պետություն է ճանաչել վրաց-ռուսական 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։
Դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հաճախ է կրկնում, որ Հարավային Օսիայի ժողովուրդը ձգտում է միանալ Ռուսաստանին։