
Մարտի 26-ին Վրաստանի Աջարիայի մարզի Բաթումի քաղաքում բնակվող ուկրաինացիները ցույց են անցկացրել Բաթումիի կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ։
Ցուցարարները պահանջել են արգելել ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, այդ թվում՝ չեզոք դրոշի ներքո։
«Ուկրաինան այժմ միջազգային տեղեկատվական ռեզոնանսի կարիք ունի, որպեսզի արգելափակի Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերին»,- բարձրաձայնել են ուկրաինացի ակտիվիստները։
Ի դեպ, միաժամանակ նման պահանջով ակցիաներ են անցկացվել նաև տարբեր երկրների քաղաքներում։
Հիշեցնենք. 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնամաշտաբ պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, որը շարունակվում է մինչ օրս: