Ցուրտ ու մութ տարիներ արտահայտության հետ միշտ մի տեսակ չեմ «համակերպվում», ականջիս չի նստում: Մեր ասած այդ ցուրտ ու մութ տարիներին մարդիկ այնքան լուսավոր էին ու բարի, նրանցից մի այնպիսի ջերմություն էր հորդում, որ կարող էր անգամ հյուսիսային սառույցները հալեցնել:
Այդ տարիներին այնքան հեքիաթներ էին պատմվում, այնքան երազանքներ պահվում մոմի ու լամպի լույսի տակ, աղոթք շշնջում առ Աստված՝ առանց եկեղեցի գնալու, տան ցանկացած անկյունում: Ցուրտն էլ մութն էլ հարաբերական էր, գոնե մեզ շրջապատող մարդիկ ամեն ինչ անում էին, որ մենք այդ ցրտից ու մթից քամենք լուսավոր ու ջերմ հիշողություններ:
Գիտե՛ք, այսօրվա պայմաններում, երբ առանց հոսանքի ու հեռախոսների կյանքը չենք պատկերացնում, վայֆայն էլ դարձել է մեր թթվածինը, կարծում եմ դժվար է հավատալ, որ ոչ այդքան հեռավոր անցյալում՝ <<ցուրտ ու մութ>> տարիներին, մենք բոլորս տեղերիցս վեր թռչում, ծափ էինք տալիս երբ լույսերը մի ժամով տալիս էին: Բայց հավատացեք երբեմն էլ սպասում էինք, թե ե՞րբ է այդ մի ժամն անցնելու, որ լույսերն անջատեն: Կարծես, թե կռահել էինք, որ լամպի, կամ մոմի լույսի տակ են գրվել աշխարհի բոլոր ամենահետաքրքիր հեքիաթները, գրքերն ու գիտական բացահայտումները մթության մեջ են արել՝ գիշերը, երբ ցուրտ է ու մութ:
Իսկ մենք լույսի գնալուն սպասելու համար հիմնավոր պատճառներ ունեինք, նախ` լույս եղած ժամանակ հայրս սովորաբար հեռուստացույց էր նայում, մայրս ու տատս էլ փորձում էին մեկ ժամվա մեջ անել իրենց բոլոր գործերը, իսկ մենք մեկ կամ մի քանի ժամ պարապության էինք մատնում մեզ, կարող էինք խոսել այն ամենից, ինչի իմաստն անգամ չէինք էլ հասկանում, խաղալ, չարաճճիություններ անել…
Լույսը գնալուն պես բոլորի ուշադրությունը սևեռվում էր դեպի մեզ, մտածում էին մեզ զբաղեցնելու ու մեր օրը լցնելու մասին, սովորեցնում էին մթի մեջ լույսի շողեր գտնել, խոսքերով, հոգատարությամբ ու արարքներով միմյանց ջերմացնել, տաք-տաք հագնվել, իրար շատ մոտ՝ կողք-կողքի նստել ու լսել մերոնց մանկության, պատանեկության ու երիտասարդության մասին ֆիլմ հիշեցնող ամենահետաքրքիր դրվագներն ու արկածները:
Մոմի ու լամպի լույսի տակ էլ ծնվում էին այն պատկերներն ու դրվագները, մեր նախնիների կերպարներն ու երբեմն նաև ձայների ելևեջումները, որոնք հեռուների խավարից մեզ էին հասնում մերոնց պատմվածքների միջոցով:
Հորս ձայնի մեջ մի առանձնահատուկ տեմբր կա, որ բերանը բացվելուն պես բոլորի ուշադրությունը սևեռում է դեպի իրեն, իր խոսքի ժամանակ անհնար է կողմնակի ինչ-որ բանով զբաղվել: Այդ ձայնի տեմբրը ինձ նախնիներիս ձայնն է հիշեցնում, որոնք հորս միջոցով խոսում են մեզ հետ ամեն ինչից, բացի ցրտից ու մթից: Առաջին անգամ հորիցս եմ լսել Աստծո անունը, ու այդ օրվանից սկսել եմ փնտրել նրան, մինչև հիմա էլ փնտրում եմ, երբեմն գտնում, երբեմն կորցնում, երբեմն էլ լուռ քայլում ենք միասին:
Հորիցս եմ լսել, որ երբ գյուղում ամենատարբեր առասպելներ են պտտվել ուրվականների ու չաքերի մասին դա իրենք են եղել, մի քանի խենթ ու չարաճճի պատանիներ՝ սպիտակ սավաններով:
Հորիցս եմ լսել, աշխարհի յոթ հրաշալիքների ու մնացած բոլոր հրաշքների մասին, որ կատարվում են մեր շուրջը, մեզ հետ, մեր միջոցով՝ ամեն օր, ամեն պահի…
Ցուրտն ու մութն իրականում այսօր է, երբ մենք չենք տեսնում, անտարբեր անցնում ենք այն փոքրիկ հրաշքների ու գեղեցիկ պահերի կողքով, որոնք կյանքն ավելի լուսավոր են դարձնում, մարդուն էլ՝ ավելի բարի:
Փոխարենը մեզնից անբաժան են այն <<փոքրիկ քառակուսի տուփերը>>, որոնց մենք բջջային, սմարթֆոն, այֆոն կամ հազար ու մի ֆիրմայի անուն ենք տալիս, որոնց հետ ավելի շատ ենք կապված, ավելի շատ ժամանակ ենք տրամադրում քան մեր հարազատներին…
Առավել քան երբեք զգում եմ մթում եղած սառնությունն ու ցրտի մեջ եղած խավարը…
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։