Ցուցարարներն այսօր հավաքվելու են նախագահական նստավայրի մոտ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով նոյեմբերի 10-ին Եվրոպայի հրապարակում ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խմբի կազմակերպած ակցիան  երեք ժամ տևած երթից հետո ավարտվել է Վրաստանի և Եվրամիության օրհներգերով։

Երթի մասնակիցները հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան ցուցարարները հավաքվելու են Օրբելիանիի պալատի մոտ (նախագահական նստավայր): Հենց այստեղ այսօր՝ նոյեմբերի 11-ի առավոտից, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է եվրոպական 8 երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։

Ցույցը սկսվել է նոյեմբերի 10-ի կիրակի երեկոյան Ազատության հրապարակից և շարունակվել երթով դեպի Բարաթաշվիլիի կամուրջը։ Երեկոյան ժամը ութին ցուցարարները փակել էին Բարաթաշվիլիի կամուրջը, և Մտկվարիի (Քուռ) երկու ափերը. երթևեկությունը խաթարվել էր։

Ավելի ուշ ոստիկաններ են մոբիլիզացվել ցուցարարների շուրջը և պահանջել են բացել ճանապարհը. ըստ նրանց՝ ցուցարարների թիվը բավարար չէր ճանապարհը փակելու անհրաժեշտության համար։ Ոստիկանները հայտնել են նաև, որ ճանապարհն ապօրինի փակած անձանց ինքնությունը կպարզվի ավելի ուշ։

Ոստիկանների հետ վիճաբանությունից հետո ցուցարարները շարունակել են երթը դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ ժամը 22։00-ի սահմաններում հանրահավաքն ավարտվել է։

Հիշեցնենք. ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խումբը հանրային է, ստեղծվել է 2024 թվականի ապրիլի 30-ին՝ «գործակալների օրենք»-ի դեմ ցույցերի ժամանակ: Մարզերից թբիլիսյան ակցիաներին մասնակցել ցանկացողներին Թբիլիսիի բնակիչները հրավիրում էին հանգրվանելու իրենց հարկի տակ։