Թբիլիսիի խորհրդարանի հարակից Ապրիլի 9-ի փողոցում իրավապահները հանրահավաքի մասնակիցներին բերման են ենթարկում:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ իրավիճակը լարված է: Խաղաղ ցուցարարները շարունակում են անհայտ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ. վանկարկում են՝ «Ռուսնե՛ր, ռուսնե՛ր»:
Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում բողոքող խաղաղ ցուցարարների դեմ պարբերաբար ջրցան մեքենա են կիրառում:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։