Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն այսօր հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման կապակցությամբ:
Վրաստանի կառավարությանը նա կոչ է արել հետ կանչել «գործակալների մասին» օրենքի նախագիծը և երկխոսություն սկսել, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ։ Ըստ նրա՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին որպես «օտար ուժերի շահերի կազմակերպություն» պիտակավորումը լուրջ վտանգ է ներկայացնում արտահայտվելու և միավորվելու ազատության իրավունքների առումով:
«Օրեր շարունակ հազարավոր մարդիկ բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ, և կառավարությունը պետք է հարգի ու պաշտպանի նրանց արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունը։ Այս իրավունքների ցանկացած սահմանափակում պետք է հիմնված լինի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքների վրա»,- ասել է Տյուրկը։
Նրա խոսքով, բողոքի ցույցերի ժամանակ ուժի կիրառումը միշտ պետք է լինի բացառություն և վերջին միջոց, որը պետք է օգտագործվի անմիջական վտանգի դեպքում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել վրացական իշխանություններին «արագ և թափանցիկ հետաքննել բողոքի ցույցերի ընթացքում կամ դրանից հետո, ինչպես նաև կալանավայրերում վատ վերաբերմունքի մասին բոլոր մեղադրանքները».
«Բոլոր նրանք, ովքեր կալանավորվել են իրենց խոսքի և խաղաղ հավաքների ազատությունների իրականացման ժամանակ, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նաև նրանց առաջադրված մեղադրանքը պետք է հանվի»:
Տյուրկը կոչ է արել ցուցարարներին և հանրահավաքի կազմակերպիչներին «իրականացնել իրենց իրավունքները խաղաղ ճանապարհով և չդիմել բռնության»։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։