Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը պահանջում է անհապաղ, արդյունավետ հետաքննություն իրականացնել՝ պատժելով Վրաստանում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության դաժան բռնությունների հեղինակներին։
Դեկտեմբերի 24-ին կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, որը հիմնված է բռնության տասնյակ տուժածների հետ հարցազրույցների վրա, Թբիլիսիում ոստիկանությունը դաժան բռնության է դիմել հիմնականում խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Ըստ Human Rights Watch-ի՝ իրավապահների գործողությունը համատարած էր, ակնհայտորեն պատժիչ բնույթ էր կրում։ Հանրահավաքի մասնակիցները բերման են ենթարկվել դաժան մեթոդներով, ծեծի ենթարկվել, խոշտանգվել և դաժան վերաբերմունքի են արժանացել ոստիկանական մեքենաներում և տեղամասերում։
Ոստիկանության կողմից բռնության ենթարկվածները, որոնց հետ զրուցել են իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, նշել են, որ ստացել են ուղեղի ցնցում, քթի, դեմքի ոսկորների և վերջույթների կոտրվածք և այլ վնասվածքներ։
Human Rights Watch-ն ընդգծել է՝ ոստիկանությունը զինված է եղել պաշտպանիչ միջոցներով, սև դիմակներով և չի ունեցել նույնականացման որևէ նշան։ Ըստ HRW-ի՝ իշխանությունները հարյուրավոր ցուցարարների մեղադրանքներ են առաջադրել ոստիկանությանը անհնազանդության համար, և այդ գործերի քննությունը դատարանում մակերեսային է եղել: