Ցուցարարների դեմ բռնություն կիրառողները պետք է պատժվեն. Շահին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Ջին Շահինը ողջունել է Միացյալ Թագավորության կիրառած պատժամիջոցները վրաց պաշտոնյաների դեմ։

«Ես ողջունում եմ Մեծ Բրիտանիայի ձեռնարկած պատժամիջոցների կիրառումը վրացի այն պաշտոնյաների դեմ, որոնք չեն կատարում վրաց ժողովրդի իրավունքները պաշտպանելու իրենց պարտականությունները: Ցուցարարների նկատմամբ բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- X սոցցանցում գրել է սենատորը:

Հիշեցնենք. ապրիլի 10-ին Միացյալ Թագավորության կառավարությունը պատժամիջոց է կիրառել չորս անձի նկատմամբ՝ համաձայն մարդու իրավունքների համաշխարհային պատժամիջոցների ռեժիմի: Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ պատժամիջոցների այդ փաթեթն ուղղված է վրացի այն պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար՝ համաձայն 2020 թվականի Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների կանոնակարգի: