Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները, որոնք բողոքում են «գործակալների օրենքի» դեմ, րոպեներ առաջ շարժվեցին դեպի Հերոսների հրապարակ, որտեղ ցուցարարների համեմատաբար փոքր խումբը փակել է մայրուղու մի մասը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Ցուցարարները ժամը 21:15-ից արդեն Ֆիլհարմոնիայի մոտ են և շարունակում են ճանապարհը։ «Գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը հինգշաբթի երեկոյան հավաքվել էին Հերոսների հրապարակում ու փակել մայրուղին։
Ոստիկաններն այնտեղ հավաքի մի քանի մասնակիցների են բերման ենթարկել:
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։