Ցուցարարները շարժվում են դեպի խորհրդարան. Ռուսթավելիի պողոտան փակ է

Թբիլիսիի Գորգասլիի փողոցում գտնվող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակից ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ կմիանան խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին։

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը: Ցույցի մասնակիցներն ասում են՝ իրենք մինչև վերջ պայքարելու են Վրաստանի եվրոպական ապագայի համար։

Բողոքի երթում հնչում են վանկարկումներ՝ «դո՛ւրս եկեք»` կոչ անելով քաղաքացիներին միանալ բողոքի ակցիային։ Մինչ այդ հանրահավաքի մասնակիցներն ի նշան բողոքի փակել էին Գորգասլիի փողոցը։

Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ևս բողոքի ցույց է, ցուցարարները հարվածում են խորհրդարանը շրջափակած երկաթե պատնեշին: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված ցույցի մասնակիցներն այսկերպ իրենց բողոքն են արտահայտում: Ռուսթավելիի պողոտան փակ է:

Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ 

Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: