Ցուցարարները գիշերել են խորհրդարանի դիմաց

Մշակույթի և արվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչներ և շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները գիշերել են խորհրդարանի դիմաց՝ ի համերաշխություն դերասան Անդրո Ճիճինաձեի և Թատերական համալսարանի ուսանողների։

Մարտի 10-ի առավոտյան Թատերական համալսարանի դասադուլավոր ուսանողներից մի քանիսը հաստատության ղեկավարությունից գրություն են ստացել այն մասին, որ բուհի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։ Ըստ տեղեկությունների՝ այդ ուսանողները 10-ն են։

Մեկ օր առաջ՝ մարտի 9-ին, դասադուլավոր ուսանողները ստիպված էին լքել համալսարանի շենքը 83-օրյա բողոքի ակցիայից հետո։ Մարտի 9-ին Թատերական համալսարանի տնօրինությունը ուսանողներից պահանջել էր ազատել համալսարանի իրենց զբաղեցրած տարածքը. տնօրինությունը երիտասարդներին տեղեկացրել է, թե շենքը պետք է ախտահանվի։

Քանի որ ուսանողները չէին ցանկանում դադարեցնել բողոքի ցույցը, նրանք համաձայնեցին ժամանակավորապես տեղափոխվել շենքի այլ հատված, սակայն տնօրինությունը մերժեց, մի քանի անգամ ոստիկանություն կանչեց, և ուսանողներից մի քանիսը տուգանվեցին 5000 լարիի չափով։