Ցուցարարները գիշերել են Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ

1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 28-ից մեկնարկած եվրոպամետ ցույցերի մասնակիցները գիշերել են Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի շենքին հարող Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ։

Գիշերակացի նախաձեռնողները բանտարկված ցուցարարների ծնողներն են, որ հիմնել են «Խղճի բանտարկյալների ազատության համար» նոր շարժումը։

Ռուսթավելիի պողոտայում հավաքվածները հավատարմության երդում են տվել անկախությանը, որն ընթերցել է օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն։

Խորհրդարանի շենքի մոտ մեծաքանակ ոստիկաններ են մոբիլիզացված։

36 տարի է անցել այն օրից, երբ խորհրդային բանակը ճնշեց խաղաղ ցույցը Թբիլիսիում։

1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային զորքերը ցրեցին Ռուսթավելիի պողոտայում հավաքված Վրաստանի անկախությունը պահանջող խաղաղ ցուցարարներին. այդ օրը խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել են հրազեն, արցունքաբեր գազ և թունավոր նյութեր։

Սպանվել է 21 մարդ, հիմնականում կանայք։ Բողոքի հարյուրավոր մասնակիցներ վիրավորվել են։

Ապրիլի 9-ի ողբերգության երկու տարվա տարելիցին Վրաստանը վերականգնեց 1918 թվականին ձեռք բերած և 1921 թվականին խորհրդային օկուպացիայի հետևանքով կորցրած անկախությունը։